ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԲԵՄՆ ՃԻՇՏ ԲԱՆԵՐ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ` ԱՆԱՆՈՒՆ ԵՎ ԱՆՊԱՏԻԺ»

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԲԵՄՆ ՃԻՇՏ ԲԱՆԵՐ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ` ԱՆԱՆՈՒՆ ԵՎ ԱՆՊԱՏԻԺ»
03.12.2010 | 00:00

«Նման չափորոշիչ ամրագրելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև մեր նախարարներն ինչպիսի կրթություն էլ ունենան, պետք է հրաշալիորեն տիրապետեն հայերենին»,- անդրադառնալով Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամների այն դիտարկմանը, թե կրթության և մշակույթի նախարարները պետք է հայկական կրթություն ունենան, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ։
-Նախարարի, ընդհանրապես, պետական պաշտոն զբաղեցնողի համար կարևոր չափորոշիչ պիտի լինեն կրթության ու կրթվածության մակարդակը, լեզուներին տիրապետելը, աշխատասիրությունը, քաղաքացիական վստահելի, հուսալի կեցվածքը,- շեշտեց տիկին Բախշյանը։- ԿԳ նախարարի առնչությամբ պետք է ընդգծեմ, որ երբ Ազգային ժողովում հանձնաժողովի նախագահ էր, հրաշալի համագործակցել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Հանրակրթության մասին» օրենքը, որը բավականին առաջադեմ էր: Որպես օրինակ` օրենքով ամրագրվեց շատ կարևոր կետ` դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը խորհրդի նախագահի հետ կնքելու մասին, այլ ոչ մարզպետի, կամ Երևանի քաղաքապետի։ Ցավում եմ, որ նախարար դառնալով` ընկրկեց:
-Իսկ պատգամավորնե՞րը կրթական ինչպիսի չափորոշիչներ պիտի ունենան։
-Ժողովրդավարական կառավարման համակարգում կրթական ցենզի սահմանումը կարող է խտրական վերաբերմունքի դրսևորում համարվել: Քաղաքակիրթ երկրում գործում է այս առումով ազատ կամքի դրսևորումը և չի դրվում կրթական ցենզ նրանց նկատմամբ, որովհետև այնտեղ մարդն իրեն թույլ չի տա ոչ բավարար կրթությամբ պատգամավոր լինել։ Մինչդեռ մեզանում կրթական ցենզի պահանջի բացակայությունը չարաշահվում է։ Մեր խորհրդարանում ակնհայտ է, թե քանի տոկոսն է մասնակցում քննարկումներին, ապահովում բազմակարծությունը։ Շատ քիչ տոկոսը։
-Դրա արդյունքն այն չէ՞ նաև, որ երբեմն նիստերի դահլիճում անվայել խոսակցություններ ենք լսում։
-Այո, կրթական ցենզը ապահովված չէ, կա ամենաթողություն հատկապես իշխանության թևի համար, որոնցից ոմանք իրենց թույլ են տալիս խոսել կրթված մարդուն պատիվ չբերող տոնով։ Վերջերս ես ևս մի սխալ եմ թույլ տվել` մարդկանց խմբի մասին ասել եմ` սրանք։ Խոսքը բյուջեն թալանողներին էր վերաբերում։ Նկատողություն ստացա ու ընդունեցի իմ սխալը, բայց այդ մարդկանց խմբի մեջ եղածները, ովքեր, հանրապետության նախագահի խոսքով ասած, զզվելի են, նույնիսկ «սրանք» բառին արժանի չեն։ Այսօր ԱԺ-ում շատ քիչ պատգամավորներ են օրենսդրական գործունեությամբ զբաղվում, անգամ նրանցից ոմանք, ովքեր ներկայություն են ապահովում, ևս չեն աշխատում, էլ չեմ ասում կոռուպցիայի մեջ անմիջական մասնակցության մասին։
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որ հաջորդ խորհրդարանում նման տխուր պատկեր չունենանք։
-Առաջին հերթին կոալիցիոն ուժերն իրենց ներսում պիտի այս խնդիրը լուծեն։ Հասկանան, որ ժողովրդի աչքին փուշ են դարձել, որովհետև այսպիսի կազմով են խորհրդարան եկել։ Իրենց հեղինակության մասին պիտի մտածեն, իսկ դրա համար շատ լուրջ քաղաքական որոշում պիտի կայացվի, արմատական մոտեցում ցուցաբերվի` կուսակցական ցուցակները կազմելիս։ Իհարկե, մեր իշխանությունների կողմից երբեմն գեղեցիկ խոսքեր են հնչում տեսլականների մասին, բայց դրանք դեռևս միայն խոսքեր են, իսկ որպեսզի մեր հասարակությունը ճշմարտացիորեն տեղեկանա, թե 131 պատգամավորներից ով ինչպես է աշխատում, անհրաժեշտ է ազատ, բազմակարծություն ապահովող հեռուստատեսություն, որը չունենք: Եթե երբևիցե ունենանք, ապա արդար ընտրությունների պարագայում խորհրդարանի պատկերը լրիվ այլ կլինի։
-Այս համատեքստում հետաքրքիր են սոցհարցումները։ Այն կուսակցությունների տոկոսը, որոնց ներկայացուցիչներն ակտիվ են նիստերի ժամանակ, օրենքների մշակման գործում, բավականին ցածր է և հակառակը։
-Ավելին ասեմ, վերջին մեկ ամսում, ի դեմս վարչապետի, հայտարարվեց ընդամենը 4 ոլորտի կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, այն դեպքում, երբ քաղցկեղի մետաստազների նման կոռուպցիան տարածվել է երկրի ողնաշարով մեկ: Ինչին հաջորդեց ՎՊ-ի նախագահի, այսինքն` իշխանության մի այլ ներկայացուցչի հաշվետվությունը ԱԺ-ում, որը բացահայտեց կոնկրետ բնագավառների կոռուպցիայի աստիճանը: Հետաքրքիր է, իսկ ովքե՞ր են բյուջեի գումարները յուրացնում, անարդյունավետ ծախսում։ Ստուգված ոլորտների պաշտոնյաները ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և ՕԵԿ-ական են։ Ստացվում է` այս պաշտոնյաներն են յուրացնողները, թալանողները, վատնողները, անարդյունավետ կառավարողները։ Փառք Աստծո, այս մասին բարձրաձայնվում է, և ժողովուրդը, որ գիտեր այս մասին, լսում է վարչապետի ու ՎՊ-ի նախագահի բերաններից: Այսքանից հետո մեր ժողովուրդը հիմար չէ, որ նորից նրանց ընտրի։ Սակայն ԲՀԿ-ն հայտարարում է, թե պիտի մեծամասնությունը վերցնի, նույնը` ՀՀԿ-ն։ Այ մարդ, մի հարցնող լինի` էդ ո՞նց։ Թերթի մի երեսին գրված է ձեր յուրացումների մասին, մյուս էջում էլ` այդ սոցհարցումները կամ ձեր հայտարարությունները, թե ընտրություններում պիտի հաղթեք։ Խելքին մոտ բան չէ։ Այսինքն, ստացվում է, որ այսօրվանից մենք գիտենք, որ ընտրությունները կեղծվելու են։ Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ընդդիմադիրների առաջարկած արմատական փոփոխությունները չեն ընդունվում, ինչը ևս սրա մասին է խոսում։
-Միայն ԸՕ-ի բարեփոխմամբ արդար ընտրություններ ապահովել հնարավո՞ր է, չէ՞ որ քաղաքական կամք է անհրաժեշտ։
-Այո։ 1991-ին չունեինք մեր օրենսգիրքը (այն Խորհրդային Միությանն էր), բայց անցկացրինք արդար ընտրություն, ու ժողովուրդը կարողացավ իր կամքն ազատ արտահայտել։ Այլ բան է, որ այդ վստահությունն իրեն չարդարացրեց, բայց նաև չարդարացված հույսերի պատասխանատվության մի մասը ժողովուրդն իր ընտրությամբ վերցրեց իր վրա:
-Այսօր կոռուպցիայի մասին խոսում է անձամբ վարչապետը, իսկ ՎՊ-ն էլ պարբերաբար աղաղակող տվյալներ է հրապարակում։ Սա երևույթի դեմ պայքարի մեկնա՞րկ կարելի է համարել։
-Այո՛, կարելի է, այս ուղղությամբ առաջընթաց կա, և ողջունում եմ վարչապետի այդ քայլը։ Չեմ կարող ասել, թե քաղաքական կամք կա կոռուպցիան ամբողջովին արմատախիլ անելու, բայց գոնե խոսվում է: Խոսելը շատ կարևոր է. Աստվածաշունչն ասում է` ի սկզբանե էր բանը: Վարչապետի խոսքը նոյեմբերի 4-ի կառավարության նիստում շատ խիստ էր, հատու։ Լավ է, որ խոսվեց այդ ոլորտների թերությունների մասին։ ՈՒղղակի անմիջապես հաջորդ հարցն է ծագում, սա ինչի՞ նշան է։ Արդյոք սա ընդամենն անձերի՞ դեմ քայլ է, թե՞… Եթե վարչապետը հավատում է սինգապուրյան հրաշքին, ուրեմն թող այդ փորձը վերցնեն ու խոսեն ոչ միայն չորս ոլորտի մասին, երբ կոռուպցիան ժանգի նման կերել է մեր պետությունը։ Սրա դեմ պայքարի համար կա շատ հստակ ձև` հանրապետության նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ուժային կառույցներ` զերծ լինեն կոռուպցիայից։ Այս դեպքում էլ ո՞վ կհամարձակվի այլ կերպ աշխատել։
-Եթե այդ հինգ օղակներից մեկը կամ երկուսը թերանում են, նշանակում է...
-Չի ստացվի։ Օլիգոպոլիաների մասին ևս շատ խիստ է խոսում վարչապետը, սակայն օլիգարխներից ոչ մեկն անվանական դա իրեն չի վերագրում։ Կարծում եմ, եթե վարչապետն ընդդիմության համախոհը լիներ, կարող էր շատ հեշտ մեր երկիրը մաքրել կոռուպցիայից։ Ցավում եմ, որ այդպես չէ, քանի որ այս վարչապետը երբեմն ճիշտ բաներ է ասում, բայց ափսոս` անանուն և անպատիժ: Պատահական չէ, որ այսօրվա հասարակությունը նախկինի համեմատ մի քիչ ավելի քաղաքացիական կեցվածք ունի։ Սա կապում եմ նաև վարչապետի խոսքերի ու ընդդիմության նպատակային գործունեության հետ։ Սա ասում եմ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, քանի որ նախկինում ավելի շատ «պատերի» էինք հանդիպում։
-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը, հաճախ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամների հարցերին, առաջարկում է միասին աշխատել։ Ասել է` ընդդիմություն-իշխանություն համագործակցության դաշտն է՞լ է ընդլայնվել։
-Իմ բոլոր նամակները` ուղղված տարբեր պաշտոնյաների, ավարտվում են «Շնորհակալություն համագործակցության համար» նախադասությամբ: Այնպես որ, պատահական չէ վարչապետի առաջարկությունը:
Վարչապետը խոսում է այդ մասին, իսկ մենք գործով ենք դա ապացուցում, հիշենք թեկուզ վերջին դեպքերը կապված Արգիճիի, Վիշապի այգու հետ։ Սրանք քայլեր են, որ վկայում են` իշխանությունը որքան գիտակցի ընդդիմության կարևոր հենարան լինելու փաստը, այնքան երկրիս քաղաքացիական հասարակությունը կզորանա։ Ընդդիմությունը մի «դեղամիջոց» է, որը թույլ չի տալիս հասարակությանը ճահճանալ և նեխել։ Քաղաքացիներ-պատգամավոր-կառավարություն համագործակցությունից շահում է պետությունն ու հասարակությունը։ Մենք ունենք համագործակցության լավ օրինակներ, օրինակ, Մեծամորի ատոմակայանի աշխատողների տարիներով չվճարված աշխատավարձի խնդրի լուծումը։ 2001-07-ին նրանց աշխատավարձը լրիվ չէր վճարվել, 2008-ին նամակ գրեցին ինձ, ու սկսվեց համագործակցությունն իշխանության հետ, ինչը հանգեցրեց նրան, որ 2010-ի բյուջեում ամրագրվեց այդ գումարը, և ապրիլի 1-ին մարդիկ ստացան իրենց փողերը (խոսքը 630 մլն դրամի մասին է)։ Այս մարդկանց իրավունքները խախտվել էին 2001-ին, իսկ լուծումը գտնվեց 2010-ին։ Նշանակում է` իշխանություններն այս հարցում քաղաքական կամք դրսևորեցին։ Որքան համագործակցությունը ճիշտ կազմակերպվի, որքան մեր ժողովուրդը վստահի իր ձայնին ու պահանջի իր իրավունքները, այնքան արդյունքները շոշափելի կլինեն։ Մանկավարժական իմ բազմամյա փորձից գիտեմ, որ ամենադժվար աշակերտին էլ միայն համագործակցության միջոցով կարելի է բերել արժեհամակարգ ստեղծող դաշտ:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ